Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, առանց թաղմանը մասնակցելու, վերադարձել է Թուրքիա։ Cumhuriyet-ի բացատրությամբ՝ Էրդողանը ցանկացել է ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի հուղարկավորության ժամանակ, սակայն Ալիի ընտանիքը մերժել է: Էրդողանը ցանկացել է Մեքքայից բերված սուրբ կտավը գցել Ալիի դագաղի վրա, սակայն Ալիի ընտանիքը նորից մերժել է։ Էրդողանը խնդրել է, որ Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, նորից մերժվել է: Խիստ վիրավորված Էրդողանը վերադարձել է Թուրքիա: Մինչ այդ նրա թիկնապահները հասցրել են նորից սկանդալի մեջ ընկնել՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահի անվտանգությունն ապահովող աշխատակիցների հետ:
74-ամյա լեգենդար բռնցքամարտիկին վերջին հարգանքի տուրք մատուցելու Էրդողանի բնական ցանկությունը չվիճարկելով հանդերձ, այնուամենանիվ, հարց է ծագում՝ ի՞նչ էր կորցրել Թուրքիայի նախագահը Լուիսվիլում: Մայր ցամաքից մայր ցամաք հասնել՝ առանց նախապես արարողակարգը ճշտելու՝ երկրորդ անհասկանալի փաստն է: Էրդողանը պետության ղեկավար է և նրա արարողակարգի ծառայության ուղղակի պարտականությունն է ճշտել նախագահի այցի յուրաքանչյուր դրվագը, եթե ոչ րոպեն: Ինչո՞ւ պիտի նախագահը հասներ Լուիսվիլ և հուղարկավորության ժամանակ միայն պարզեր, որ Ալիի հարազատները դեմ են իր, իրենց համար գուցե արտառոց, Էրդողանի համար բնական ցանկություններին: Մինչև Էրդողանի Լուիսվիլ հասնելը պիտի համաձայնեցվեին հարազատների հետ թե նրա ելույթ ունենալու (համաձայնության դեպքում՝ ելույթի տեքստն ու տևողությունը), թե Մեքքայից մասունքի նպատակն ու նշանակությունը, թե ինչ-որ մեկի Ղուրան կարդալու իմաստը: Անկարա վերադառնալուն պես Էրդողանն իր հեղինակությանը հասցված հարվածի համար նվազագույնը աշխատանքից պետք է ազատի արարողակարգի պետին ու այցը կազմակերպած աշխատակիցներին: Գուցե նաև դատի տա՝ կապելով գյուլենականների դավերի հետ:
Կամ՝ մեղադրի հեռացած Դավութօղլուին՝ ինչ-որ պատրվակով: Իսկ ինչո՞ւ ընդհանրապես Էրդողանը որոշեց հարգել լեգենդար բռնցքամարտիկի հիշատակը՝ ընդհատելով իր կարևորագույն գործերը՝ ընդդիմադիր պատգամավորներին դատի տալ, Գերմանիայի վրա շանթ ու որոտ արձակել, մայրաքաղաքում ու Ստամբուլում կանոնավոր դարձող պայթյունների մեջ ՔԱԿ-ին մեղադրել, և այլն, և այլն: Առավել ևս, որ Մուհամեդ Ալիի հուղարկավորությունից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարող հուղարկավորությանը ներկա լինել: ՈՒ՝ պարզ չէ՝ Էրդողանը ԱՄՆ գնաց, որ Օբամայի՞ն տեսնի, Օբաման Լուիսվիլ չեկավ, որ Էրդողանին չտեսնի՞, թե՞ արարողակարգից ավելի վատ է աշխատում Էրդողանի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը, որ նախագահին չեն զեկուցում՝ իրենից բացի ով է լինելու կամ ով չի լինելու իրադարձությանը, որ նա ցանկանում է մասնակցել: Գուցե Էրդողանը աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու համար հրամայի լաբորատորիա ուղարկել իր աշխատակազմի աշխատակիցների՞ արյունը: Չի բացառվում, չէ՞, որ նրանք էլ թուրք չեն: Թուրքը թուրքին այդպես չպիտի վարկաբեկի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն Մուհամեդ Ալին ռինգը թողնելուց այսքան տարի հետո նոկդաունի ենթարկեց Ռեջեփ Թայիբ Էրդողանին: Չեմպիոնը չեմպիոն է, նույնիսկ մեռած: Նախագահը նախագահ չի: